Փարաքարի մշակույթի տանը այսօր` հունվարի 9-ին, շարունակվում է դեռ ուրբաթ օրը մեկնարկած ավագանու նիստը: Ավվագանին այսօր համայնքապետ է ընտրելու:
Նշենք, որ ուրբաթ օրը ավագանին այդպես էլ չկարողացավ նիստ գումարել, քանի որ «Ապրելուերկիր» խմբակցությունը պնդում էր, որ նիստը վարողի հետ կապված խախտում կա եւ նիստը պետք է վարի ավագանու ամենատարեց անդամը: «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամներն էլ պնդում էին, որ ուշացել է ամենատարեց անդամը, ուստի այլ անդամ է նիստը սկսել վարել:
Այսօրվա նիստին ներկա է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։











