Փարաքար խորոշացված համայնքի ավագանու նիստում այսօր՝ հունվարի 12-ին, տեղի ունեցավ համայնքապետ ընտրված Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը: Նիստը սկսեց զոհված զինծռայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Այնուհետեւ համայնքապետը ընթերցեց երդման տեքստը.

«Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս  պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները,  ազնվորեն, բարեխղճորեն կատարել  համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել հմայնքի բարգավաճմանը,  գործել ի բարօրություն նրա  բնակիչների:

Պարտավորվում եմ  համայնքի իրավունքները,  օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգեւոր վերելքին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք եւ ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին  ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից:

Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներից առաջին 2,5 տարում համայնքապետ կլինի Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն:

Դավիթ Մինասյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին: