Հունվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվեցին ապօրինի թմրաշրջանառության բացահայտման՝ երկու, սառը զենքի հայտնաբերման՝ մեկ դեպք։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները մետրոյի տարբեր կայարաններում ու կայարանների նախասրահներում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ 28 և 25 տարեկան։

Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 4 գրամից ավելի։ 25-ամյա երիտասարդի մոտ կային նաև կաթուցիչներ։ Նույն օրը բաժին բերման ենթարկվեց նաև 24-ամյա երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կռփազենք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։