Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը: Նա հիշեցրեց, որ երեկ Հայաստան է ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավո տնօրեն Օլեգ Բելազյորովը, որոնք հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
«Այս այցը շատ կարևոր է, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նկատելով, որ նախորդ օրվա այցն ամբողջությամբ միտված է եղել Երասխ-Ջուղա-Մեղրի- Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք են բերել, որի անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ երկաթուղին Հյաաստանի տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում:
Նրա խոսքով՝ ՌԴ փոխվարչապետի այցը գործանականացմանն էր ուղղված և արդեն քննարկում է գնում տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերի շուրջ:
«Այս դինամիկայով շարունակվելու դեպքում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, պետք է միշտ մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որը արտահայտել ենք, ստանում է կոնկրետ դրսևորումներ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ:
«Որովհետև օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է ու մենք ճիշտ ենք համարոմ այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում, որովհետև նախագծային փուլից սկսած՝ ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որ նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի առանց խոչընդոտների», - նշեց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիներ»-ն աշխարհի լրջագույն կառույցներից մեկն է ու այն փորձը, որին տիրապետում են, շատ կարևոր է այս նախագծի իրականացման համար:
Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իր խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը դաշտային աշխատանքով է զբաղվելու. նայելու են տարածքները, շինհրապարակների տեղերը:
Արտաշես Թումանյանն ասաց, որ առաջին նիստը եղել է. նախնական նկատառումներ կան, երեկվա նիստը շատ գործնական է եղել. «Անելիքները պատկերացնում ենք, հաջողության դեպքում արդյունքներ կունենանք», - ասաց նա:











