Ալեքսանդր Գրիգորևիչի (նկատի ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին-խմբ) ինքանտիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամը չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը և քննարկման առարկա են դռանում տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև մեր երկրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:

Նրա խոսքով այդ ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը և վստահեցրեց, որ դրանք ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ որևէ առնչություն չունեին:

Հաստատելով տեղեկությունը, որ նախորդ օրը ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ նախարարն ասաց. «Դեսպանին են փոխանցվել մեր այն համոզմունքները, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնելով միմյանց շահերը, սուվերենությունը, ինչու չէ՝ այն իրավապայմանագրային դաշտը, որի վրա է հիմնվում մեր երկրների միջև համագործակցությունը: Այնուամենայնիվ, պատրաստ ենք հետայսու էլ շարունակել, պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»:

Արարատ Միրզոյանը ցանկալի համարեց, որ բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտին և երկու ժողովուրդների բարեկամության ոգուն:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեզոնանսային հայտարարությունները Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը «գնալու տեղ չունի»։