ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի հայելային հետքաշման գաղափարը:
Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Սոչիում 2021 նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իր կողմի ընդունված գրավոր եռակողմ հայտարարության համաձայն՝ նախ պետք է քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ, դրանից հետո գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում։
«Մենք գրել ու ստորագրել ենք, որ նախ պետք է քայլեր ձեռնարկենք անվտանգության ու կայունության ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին, որից հետո գործը տանենք դեպի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողով:
Մենք պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, մենք առաջարկ ենք արել, մեր պատկերացումը հետևյալն է՝ Զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն. ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում, նշանակում է, որ հայ-արդբեջանական սահմանագծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների ու արդյունքում պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով», - հայտարարեց Փաշինյանը:
Ըստ նրա, հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման. «Մեր պատասխանը միանշանակ դրական է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններից կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Ընդ որում, մենք պատրաստ ենք լսել այլ առաջարկներ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այնպես չէ, որ այս առաջարկը լիարժեք, 100 տոկոսով համապատասխանում է կամ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադերբեջանի համար։
«Կա սահմանային գիծ, և մենք կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետքաշում տեղի ունենա՝ ընդ որոշում արձանագրելով, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա»,- նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա։
«Մեզ համար կարևոր է արձանագրել, որ կա գործուն, լեգիտիմ մեխանիզ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալյացիա»,- ասաց նա։











