Հայաստանը երբեք պայմաններ չի դրել սահմանագծման եւ սահմանազատման հարցում։ Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանելով Հայաստանի հասցեին Ադրբեջանի ԱԳՆ վերջին հարձակումը հայկական կողմից առաջադրվող ինչ-որ պայմանների մասին՝ Գրիգորյանը նշել է. «Հայաստանը միայն պահանջել է կատարել բոլոր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Սոչիում նոյեմբերի 26-ին, եւ հայտարարությունում դրանք նշված են. ձեռնարկել անվտանգության բարձրացման քայլեր, հետո սկսել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որպեսզի պայմանավորվածությունները կատարվեն։ Բացի այդ, կա կարեւոր հանգամանք։ Երբ ՀՀ եւ ԱՀ ԶՈւ-երը շատ մոտ են գտնվում, ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել իրավիճակի վրա եւ դառնալ սրացման պատճառ։ Հայաստանն առաջարկում է զորքերի հայելային հետքաշում, այնտեղ տեղակայել սահմանապահ զորքեր, որպեսզի հանգիստ կատարվի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը։ Սրա մեջ անգամ պայմանի ընկալում չի կարող լինել»։