Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Ղարաբաղի թեմայից, որպեսզի Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակություններն այս հարցով հույսեր չկապեն իրենց հետ։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչպես այն անեկդոտում է ասվում. եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք։ Եվ դա կաշխատի։ Մի երկու տարի չխոսալով՝ տպավորություն ստեղծվել, որ նրանք այդ հարցի հետ կապ չունեն։ Եթե հարցեր ունեք, քննարկեք ռուսների հետ, եւ դա արվում է գիտակցաբար»,- նշեց Քոչարյանը։
«Երբեմն ուզում եմ պատկերացնել առաջին փուլը՝ առաջին հանդիպումը սեղանի շուրջ՝ բանակցությունների ապագան որոշելու համար, ինչի՞ մասին են խոսելու։ Ի՞նչ թեմա է քննարկելու Հայաստանի պատվիրակությունը: Ո՞վ կարող է դա ինձ բացատրել։ Ադրբեջանական կողմը դնելու է հայ պատգամավորների ելույթների ձայնագրությունը եւ ասելու է, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ձայնագրությունը, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ երբեք՝ նույնիսկ 2016 թվականից ի վեր, տեսական շանս էլ չի եղել քննարկել Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս եւ նույնիսկ կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը։ Ես մի քանի անգամ մասնակցել եմ բանակցություններին։ Առաջին հանդիպմանը, երբ Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցում էր Հռոմում, ես մասնակցում էի այդ բանակցություններին։ Մեծ անհանգստությամբ եմ սպասում բանակցություններին: Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյոք հիմա դրանք պետք են, քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում։ Պետք է գնաս եւ ընդունես, որ բանակցություններ են վարվելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ թվում՝ Ղարաբաղի եւ Ղարաբաղի հայկականության հարցը սեղանի վրա է լինելու։ Նրանք պարզապես կխոսեն համայնքների մասին։ Այս վիճակի մեջ մենք ենք մեզ գցել՝ մեղադրանքներից արդարանալու նպատակով եւ այդ արդարանալու նպատակին զոհաբերվեց ամբողջ բանակցային գործընթացը:











