Ղարաբաղի հարցում եթե այսպես շարունակվի, ապա մենք կբախվենք լրջագույն խնդիրների, մենք ամեն օր կորցնում ենք որոշակի հնարավորություններ։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա, եթե Հայաստանի իշխանություններն ամեն անգամ այսպիսի ռումբեր կամ նռնակներ դնեն բանակցային գործընթացի տակ, ապա հայկական կողմը ոչնչի չի հասնի, այլ ընդամենը կամրագրենք փաստացի իրավիճակը։
Նա նշեց, որ Ղարաբաղն այսօր պետք է շատ լուրջ դերակատարություն ունենա նաեւ Հայաստանի հետ իր հարաբերություններում՝ պահանջելով եւ ստիպելով, որպեսզի Հայաստանի իշխանությունները ուղղակի բացատրեն, թե ինչ են անում եւ ուր են տանում։ «Իմ տպավորութունն այնպիսին է, որ բոլոր կողմերը, զգայուն թեմա է, ծանր թեմա է, եւ չեն ուզում այս հարցը քննարկել։ Հայաստանը խուսափում է այդ հարցի շուրջ խոսել։ Ղարաբաղի իշխանությունները, իմ տպավորությունն է այդպիսին, չեն ուզում այս թեման սրել, որպեսզի չփչացնեն հարաբերությունները, քանի որ կախված են փախստականների համար շինարարության ֆինանսավորման եւ մի շարք այլ հանգամանքներից»,- ավելացրեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Ղարաբաղը պետք է ասի, թե ինչ հեռանկար է ուզում տեսնել առաջիկա 5-10 տարիներին։ «Հիմա այնտեղ փորձում են գտնել մոդելներ իրենց մտահոգությունն արտահայտելու համար։ Օկուպացված տարածքների մասին օրենքը լավ նշան է, եւ պետք է ավելի մեծ վճռականություն ու համարձակություն ցուցաբերել այն մասով, որպեսզի Հայաստանի առջեւ խնդիրներ դրվեն։ Հարցը անձնական հարաբերությունները չեն, սա ապագայի հարց է։ Որեւէ մեկը գիտի՞ ով կլինի երեք տարի հետո, երբ ավարտվի Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը։ Հայաստանի իշխանություններն այդ մասին չգիտեն եւ չեն ուզում քննարկել։ Խուսափում են այդ հարցի քննարկումից»,- պարզաբանեց նա։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական հիմքերը Ռոբերտ Քոչարյանն անխոցելի է համարում։ «Ղարաբաղը պարզապես պետք է դե-ֆակտո պահվեր, պահվեր բանակով, պատերազմ չվարվեր, չպարտվեր պատերազմում, եւ պետք էր տնտեսապես հզորացնել Ղարաբաղը։ Ղարաբաղի փաստացի ճանաչումը ժամանակի հարց էր։ Նման հակամարտություններն արագ չեն լուծվում։ Եթե մենք թեկուզ 10 օր չնահանջեինք, իսկ մենք նահանջում էինք ամեն օր, պատերազմը կդադարեր, եւ սկտեղծվեր հնարավորություն ճանաչման գործընթացի համար»,- եզրափակեց երկրորդ նախագահը։











