Պետք է հասկանալ, որ ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի պետության հետ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում ավարտին հասցնելու համար։ Այս մասին փետրվարի 19-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ադրբեջանը, նրա խոսքով, պայքարում է ոչ միայն Արցախի հայերի դեմ, այլ հայությանն ընդհանրապես ոչնչացնելու քաղաքականություն է վարում։

«Բայց նրանց մոտ դա չի ստացվի։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես փրկել աշխարհի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից մեկին, եւ դա որեւէ կերպ կապված չէ ազգայնականության հետ»,- ասաց նա։

Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը հայոց ցեղասպանության հետեւողական քաղաքականություն է վարում՝ նշելով, որ Ադրբեջանում նույնիսկ ազգային տոների օրերը անպայման համընկնում են հայերի հանդեպ ցեղասպանական գործողությունների իրականացման օրերի հետ։

«Մենք կատարում ենք «մարլեզոնյան բալետի երկրորդ մասը», մինչդեռ Ադրբեջանը մեզ հետ առանց կանոնների մարտեր է վարում։ Ես Ադրբեջանում 1998-ին եմ եղել եւ տեսել եմ, որ շահիդների ծառուղու տապանաքարերի վրա նշված է, թե քանի հայ է սպանել հանգուցյալը»,- եզրափակեց առաջին օմբուդսմենը։