Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականություն են վարում։ Այս մասին փետրվարի 19-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, այս գաղափարախոսության կրողները գործող իշխանություններն են եւ անկախ Հայաստանի առաջին իշխանությունները։

«Գործող իշխանությունները մեղավոր են դարձրել ղարաբաղյան շարժման եւ ղարաբաղյան պատերազմների բոլոր մասնակիցներին։ Կամ պետք է համաձայնել դրա հետ, կամ աշխատել դրա վրա: Մենք չափազանց հանգիստ ենք վերաբերվում մեր ժողովրդի պառակտմանը։ Պաշտոնյան հայտարարում է, որ կստեղծվի նոր կառույց, որը համաձայն կլինի Հայոց ցեղասպանության ճանաչելու  եւ այդ մասին բարձրաձայնելու պահանջից հրաժարվելու հետ։ Նման դեպքում թույլ ե ոչ թե իշխանությունները, ինչպես շատերն են ասում, այլ մենք, քանի որ մենք չենք կարողանում դիմակայել սրան։

Պետք է սխալները ձեր մեջ փնտրել եւ լուծել դրանք։ Իրավիճակը փոխելու ներուժ կա, բայց այս ներուժը միավորող գործոն չկա։ Յուրաքանչյուր նոր սերունդ պատասխանատու է հայ ժողովրդի պահպանման ու զարգացման համար։ 1990-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի հնարավորությունները հարյուրապատիկ գերազանցում էին մերին։ Ուստի ամեն ինչ կախված է քաղաքականությունից ու նախատեսված նպատակներից։ Եթե դու նպատակ ես դրել ապաօկուպացնել Արցախի տարածքները, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի, իսկ դաշնակիցներն ուրիշ կերպ կվարվեն»,- հավելեց Ալավերդյանը։