Ո՞վ է ավելի վտանգավոր՝ ադրբեջանցինե՞րը, որոնք ատելություն չեն տածում հայերի հանդեպ, թե նրանք, ովքեր ասում են, որ ղարաբաղցիները թուրք են։ Անուննե՞ր նշենք։ Հախվերդյանը։ Հայ ժողովրդի պառակտումն անընդունելի է։ Թշնամիների նպատակը հենց սա է։ Այս մասին փետրվարի 19-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Եթե մենք խոսում ենք սուբյեկտիվ կարծիքի, թյուրիմացության, կարծրատիպի մասին, ապա դա պետք է փոխել։ Կան նաեւ արտաքին ազդեցություններ։ Նման տարանջատում մտցվել էր դեռ 1920-ականներին՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։ Լուրջ խաղ է ընթանում։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Ովքե՞ր են արցախցիները հայ ժողովրդի համար»,- ընդգծեց նա։
Նախարարը նշեց, որ պետականությունը միայն կենացներ չեն։ «Ի՞նչ եք ուզում մի պետությունից, որը հերոսացնում է քնած մարդու սպանությունը։ Ադրբեջանում դեռ մանկապարտեզից են հայատյացություն քարոզում։ Պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Ո՞վ կարող է վիճել, որ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է։ Այսօր այս պետությունն իր սփյուռքում հայատյացության ընդգծված քաղաքականություն է վարում, ինչը նախկինում չկար»,- հավելեց Բաբայանը։











