Փետրվարի 23-ին, ժամը 12-ին, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որտեղ պետք է ներկայացվեր նաև այս հարցը, սակայն իշխանության այսօրվա մոտեցումից հետո ենթադրում եմ, որ կարող են նիստը տապալել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու օրարակրգով ԱԺ արտահերթ նիստ գումարելուն:

«Այսօր մենք ականատեսը դարձանք մի ամոթալի եւ խայտառակ քաղաքական որոշման, որը կայացրեց իշխանությունը: Որ ասեմ՝ շատ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ եւ այսքան ակնհայտ թուրքամետ քաղաքականությունը կողջունի իշխող խմբակցությունը, չէի պատկերացնում»,–ասաց Թևանյանը։

Նրա խոսքով` իշխանությունը մերժեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը` դրանով իսկ կողմ արտահայտվելով այդ հռչակագրին, կող արտահարտվելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվելով Ցեղապանության ճանաչումից հրաժարվելուն, Զանգեզուրի միջանցքին եւ բոլոր այն նախապայմաններին, որոնք թուրքերն ու ադրբեջանցիներն առաջ են քաշում:  Թևանյանը հավելեց, որ սա խաղաղասիրական քաղաքականության դրսևորում էր, որը բերելու է նոր ողբերգության։

Պատգամավորը կարծում է, որ այսպես խաղաղություն չի լինելու` թուրքական ախորժակը և ադրբեջանցիների նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ մեծանալու են. «Չմոռանանք, որ Ալիեւը խոսում է Սեւանից, Զանգեզւորից ու Երեւանից: Այս պարագայում, եթե դու դեմ չես արտահայտվում այդ հռչակագրին, կամ քո վերաբերմունքը ցույց չես տալիս, դա նաեւ վատ մեսիջ է մեր ռազմավարական դաշնակիցներին ու բարեկամներին, մասնավորապես Ռուսաստանին եւ Իրանին, որի դեմ է նաեւ ուղղված այդ հռչակագիրը:

Մենք այսօր գործ ունենք կոլաբորացիոնիստական իշխանության հետ, որը փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցաբար Հայաստանը տանում է նոր կապիտուլյացիայի: Ես ուզում եմ SOS հնչեցնել մեր քաղաքացիներին: Սա խայտառակության եւ ամոթի, Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր»,-ասաց Թեւանյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը: Երկու երկրների խորհրադարաններն էլ արդեն վավերացրել են այն։

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՔՊ-ն հայտարարել է, որ չի միանա «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը, քանի որ կարծում են, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ արձագանքել է դրան և կրկնվել պետք չէ։ Նախագծի հաստատմանն իշխանությունը քվեարկեց ձեռնպահ, և քանի որ մեծամասնություն էր կազմում հանձնաժողովում, նախագիծը չընդունվեց։

Նշենք նաեւ, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 23-ին ժամը 12:00-ինն կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։