Ոչ մեկը չկա, որ ուզեցել է պատերազմի ժամանակ մի ծառայություն մատուցի, իրեն արգելել են. 44-օրյա պատերազմի հարցով հանձնաժողովի աշխատանքների ժամանակ կհամոզվեք, որ ես ճիշտ էի: Այս մասին, յսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ հանձնաժողովում իրեն եւս հարցեր են ուղղվելու:
Նա տեղեկացրեց, որ 11 արտախորհրդարանական ուժերը որոշել են, որ այդ 11-ից երեք ուժի ընտրեն, ուղարկեն այս հանձնաժողով, եւ դրանց մեջ է նաեւ ինքը: Հարցին, թե ինչ իրավական հիմքով են իրենք լինելու հանձնաժողովում, քանի որ օրենքը նման բան չի նախատեսում, Սամվել Բաբայանն արձագանքեց. «Իրավական հիմքերը կհրապարակվեն, կիմանաք: Ես ներկա եմ որպես որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ»:
Դիտարկմանը, որ ինքը եղել է պատերազմը կառավարողներից մեկը եւ հիմա ինչպե՞ս է իր մեղավորության հարցը քննելու հանձնաժողովում, արդյոք անաչառության հետ կապված հարցեր չեն առաջանում, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Արցախի Անվտանգության քարտուղարը (նկատի ունի իրեն-խմբ) նամակով դիմել է Արցախի ՊԲ-ին, իրեն պատասխանել են գրավոր, որ դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնել բանակի մասին:
Ես բունկերում եղել եմ որպես Արցախի նախագահի խորհրդական, իր կողմից գործուղվել եմ այնտեղ, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Ես ձեզ պես այդպես կանգնել եմ, իրենց գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իմ վերադասին»:
Բաբայանը հավաստիացրեց, որ իր գնահատականներն այս հանձնաժողովում անաչառ են լինելու. «Որովհետեւ, եթե որեւէ մեկը ինչ-որ գործողություն է կատարում, ինքը կամավոր գրելու է իր գործողության մասին: Այսինքն եթե էս ռազմաճակատում դուք եք ղեկավարել, ձեզ հարցեր են ուղղելու, դուք պատասխանելու եք: Եթե դուք կասեք՝ պարոն Բաբայանն էլ է մասնակից եղել, իիրեն էլ կկանչեն, ինքն էլ կպատասխանի»:
Սամվել Բաբայանն անդրադարձավ իր արած հայտարարությանը, թե ընդդիմության շարքերում եղած գեներալներն իրականում ընդդիմադիր չեն, նրանք մասնակիցներ են՝ նշելով, որ ինքն այդ շարքում չէ, որովհետեւ 21 տարի որեւէ պետական կառույցում չի եղել. «Իսկ այն անձինք, որոնց դուք անվանում եք ընդդիմադիր 4 ամիս առաջ են բանակից հեռացել: Այո, նաեւ Սեյրան Օհանյանը, ով 2016-ին դեռ եղել է նախարար: Դուք համարում եք, որ բանակում ծառայողը, որ մեկ ամիս առաջ դուրս է եկել, արդեն ընդդիմադի՞ր է: Բա ֆունդամենտ եք դրել, 20 տարի բանակ եք կառուցել: Այս պատերազմում էլ Սեյրան Օհանյանն ինչ-որ առաջադրանքներ է կատարել: Հիմա պետք է հրավիրենք, գա պատասխանի՝ ինչ առաջադրանքներ է կատարել, ինչ սխալներ է տեսել, որն է սխալ համարում: Իր տեսակետը պետք է արտահայտի»:
Հարցին, թե կարո՞ղ է իշխանությունը օբյեկտիվ քննել իր իշխանության ժամանակ եղած սխալները, նա պատասխանեց. «Ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, ցուցադրել՝ մեքերն ումն է եղել, եթե ինքը մեղավոր չի: Այս իշխանությունը մի օժիտ, որը ստացել է: Հիմա պետք է պարզենք՝ գործող իշխանության մեղքն ինչքանո՞վ է: Արցախի բանակի հրամանատարին եւ շտաբի պետին, որոնք որոշողն են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը: Ո՞ւմ առաջարկով, պարզվում է առաջարկել է Արցախի գործող իշխանությունը: Ո՞վ է եղել, Բակո Սահամյանը եւ իր Տիգրան Աբրահամյանը, որ իր խորհրդականն է եղել: Հիմա ասում է՝ ես ընդդիմադիր եմ: 2020-ի մայիսի 21-ին, պատերազմից 4 ամիս առաջ էդ մարդը պաշտոնը թողել է, նոր իշխանություն է եկել: Հիմա այդ 4 ամսվա մարդկանց ասում եք՝ արի այստեղ պատասխան տուր, իսկ մարդիկ, որ 21 տարի բանակը ղեկավարել են, կադրային քաղաքականություն են վարել, էդ մարդիկ չպետք է պատասխան տան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին:











