Փաշինյանը Հայաստանը դեպի տոտալ ադրբեջանականացում է տանում: Այս մասին ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Երեւան ժամանման դեմ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում մարդկանց դատում, սպանում եւ արտաքսում են երկրից՝ խոսքի ազատության իրավունքի իրացման պատճառով։
«Այն, ինչ անհնար էր Հայաստանում մինչեւ 2018 թվականը, այսօր իրականություն է դարձել: Մենք փորձում ենք եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել դրա վրա»,- ասաց Ադիբեկյանը։
ՀՀ իշխանությունները, ըստ նրա, պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, պարտավորություններ նրանց նկատմամբ, եւ ֆինանսական արտոնությունների դիմաց պատրաստ են փոշիացնել հայկական պետականությունն ու հպարտությունը՝ ի շահ թուրքերի:
«Այսօր մարդիկ, ովքեր հանուն մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերի վտանգի ենթարկեցին իրենց կյանքն ու առողջությունը, անազատության մեջ են։ Այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա եվրոպական բոլոր ատյաններում։ Այսօր Հայաստանում տեղի ունեցողն անընդունելի է»,- ընդգծեց փորձագետը։











