44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ընտրել է ներքաղաքական ճգնաժամից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ դուրս գալու ճանապարհը։ Այս մասին փետրվարի 22-ին Երեւանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողոների նիստում ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական ուժը խոսում է ներքին քաղաքականությունում օրենքի գերակայության եւ արտաքին քաղաքականությունում խաղաղության հաստատման մասին։ «Վերջին գործընթացում առաջնահերթ են համարվում հաղորդակցությունների վերականգնումը, դրանց վերագործարկումը։ Դա վերաբերում է ոչ միայն ճանապարհային ենթակառուցվածքին, այլեւ անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ փոխկախյալությունը կօգնի մեզ ավելի արդյունավետ լուծել առկա խնդիրները»,- պարզաբանեց Կարապետյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան սահմանից զորքերի հայելային հեռացման սկզբունքով։ Դա, ըստ նրա, թույլ կտա, վերջապես, սկսել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը։
Հիշեցնենք, որ Երեւանում են գտնվում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները։











