Ես կողմ չեմ քվեարկել հայտարարության նախագծի ընդունման վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 22-ին՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունվել է հայտարարություն, որը դատապարտում է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով նրա քաղաքականության կապակցությամբ։

Նա պարզաբանեց, որ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրվել մի քանի օր առաջ եւ ընդունվել է երեկ։ Կարապետյանը հավելեց, որ հայտարարության բովանդակությունը կհրապարակվի ավելի ուշ։

Պատգամավորը հույս հայտնեց, որ խաղաղությունը կպահպանվի։

«Մենք՝ որպես երկիր, որն անցել է 2020թ. պատերազմի ավերածությունների միջով, այլ կարծիք չենք կարող ունենալ», - նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա Մարիա Կարապետյանն ընդգծեց, որ պատգամավորները դեռ չեն հասցրել քննարկել երեկվա քաղաքական և աշխարհաքաղաքական իրադարձությունները։

«Ես առայժմ ոչինչ չեմ մեկնաբանելու։ Պետք է սպասել, մինչեւ  դիրքորոշում ձեւավորվի», - եզրափակեց պատգամավորը։