Նախնական քննարկում, դիրքորոշումների ճշգրտում իշխանության նմերկայացուիչների հետ, բնականաբար, չի եղել, որովհետեւ մինչ այս միջոցառումը մեր հայտնած դիրքորոշումներն այնքան տարբեր ու սկզբունքային ին, որ խոսել ընդհանրության մասին հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Եվրանեստթ» ԽՎ նիստերում հայ պատգամավորների կեցվածքի մասին:

«Դուք լսեցիք իշխանության ներկայացուցիչների ելույթները, ընդհանուր ֆրազներ, քաղաքական որեւէ հնչողություն չկար, որեւէ ուղերձ չէր հղվում: Լսեցիք նաեւ ընդդիմության ներկայացուցիչների ելույթները:Մենք հստակ ասացինք, որ եթե Ադրբեջանը կամ որեւէ մեկը այլ տեղ կարծում է, որ Արցախի հարցը լուծված է եւ լուծված է ուժով, չարաչար սխալվում է: Ես ուրախ եմ, որ սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության անդամ եւ համազեկուցող տիկին Կալյուրանդը նույնպես կիսեց մեր այդ կարծիքը, որ Արցախի հարցը լուծված չէ եւ հնարավոր չէ լուծել ուժող:

Նաեւ մենք խոսեցինք ճանապարհների շրջափակման մասին, որ Ադրբեջանը խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, մինչդեռ առաջին բանը, որ արեցին շրջափակեցին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Քարվաճառի ճանապարհը, հիմա պլանավորում են կառուցել նոր ճանապարհ, որը կշրձջանցի Շուշին, այսինքնկա ռիսկ, որ հայկական բնակավայրերը, մասնավորապես Բերձորը, Աղավնոն եւ Բերդաձորը կարող են մնալ որպես անկլավ: Նաեւ խոսելով տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման մասին, ադրբեջանցիք շրջափակեցին դեպի Իրան տանող մեր հիմնական ճանապարհը:

Գերիների մասով ասացինք, որ գերիների թիվն իրենք այդպես էլ չեն հայտարարում, որ գերիներից շատերը տանջամահ են արվել, գերիների մի մասն իրենց ձեռքում է եւ գերիներին օգտագործում են որպես քաղաքական լծակ»,-հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքով, ադրբեջանիցները հայտարարեցին, որ գերիները, որոնք եղել են նոյեմբերի 9-ի կեսգիշերի դրությամբ, վերադարձվել են. «Այսինքն սրանք այն գերիներն են, որոնք գերի են վերցվել պատերազմից հետո, որը իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ գերիների ամբողջական ցանկ, ով երբե, որտեղից է գերի վերցվել, այդպես էլ չկա»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Նա հավելեց, որ ադրբեջանցիների կարծիքով ոչ միայն գերիների, այլեւ բոլոր հարցերը լուծված են. «Ադրբեջանի հետ խոսելու խնդիր մենք, իհարկե, չունենք: Մենք նաեւ երեկ չենք գնացել պաշտոնական ընթրիքի, որովհետեւ ադրբեջանցիների հետ ոչ ես, ոչ «Հայաստան» խմբակցության, ոչ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հաց կիսելու ցանկություն չունեն»: