Պարբերաբար Ալիեւից խաղաղության մասին ուղերձներ ենք լսում՝ ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագիր։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նա նշեց, որ Ալիեւի խոսքն ու գործը պետք է համապատասխանեն միմյանց։ Կարապետյանը պարզաբանեց, որ Հայաստանի եւ միջազգային հանրության կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խումբն այն ձեւաչափն է, որտեղ կարելի է քննարկել խաղաղության համաձայնագրի հարցը։ «Սակայն Ադրբեջանից հնչող սպառնալիքներն անընդունելի են եւ չեն կարող նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- նկատեց նա։
Մարիա Կարապետյանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր պատգամավորները բարձրացրել են Ադրբեջանում գերիների եւ այլ պահվող անձանց հարցը եւ նշել նրանց վերադարձի հրատապությունը։ «Չէի ցանկանա վերարտադրել ադրբեջանցի պատգամավորների դիրքորոշումը, սակայն նրանք տարանջատում են պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո գերի ընկած անձանց։ Միջազգային իրավունքը նման տարանջատում չի սահմանում եւ պահանջում է վերադարձնել բոլոր պահվող անձնաց՝ անկախ նրանց գերության ժամկետներից»,- նշեց նա։











