Խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում ապրել է մինչեւ կես միլիոն հայ։ Այժմ Բաքվում եւ Սումգայիթում հայեր գրեթե չեն մնացել։ Այս մասին Երեւանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով իրենց երկրում «մուլտիկուլտուրալիզմի» մասին ադրբեջանցի պատվիրակների հայտարարություններին։
Ադրբեջանցի պատվիրակների հայտարարությունները տարակուսանք առաջացրեցին։
«Նայեք աշխարհի ազգագրական քարտեզը։ Այդ դեպքում որտե՞ղ են Բաքվում եւ Սումգայիթում ապրող հայերը։ Ադրբեջանը մուլտիկուլտուրալ երկի՞ր է։ Այդ դեպքում որտե՞ղ են այդ հայերը։ Ո՞ւր գնացին։ Դրանով փորձում եք համոզել մյուսների՞ն, թե՞ ինքներդ ձեզ»,- հարցրեց Եղոյանը։
Նրա խոսքով՝ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի փոխադարձ հարգանքի ճանապարհով, ինչպես նաեւ հաշվի առնելով մարդու իրավունքները, կյանքի եւ սեփականության իրավունքը։
«Արդյո՞ք այս իրավունքները երաշխավորված են հայերի համար Ադրբեջանի տարածքում։ Կարծում եմ՝ ոչ»,- եզրափակեց Եղոյանը։











