Եվրամիությունը պետք է միանշանակ եւ նպատակաուղղված քաղաքական գնահատական տա Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններին։ Այս մասին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում փետրվարի 22-ին իր ելույթում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ուղղված մարտահրավերները դեռ պահպանվում են։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանում կարծում են, որ Ղարաբաղի խնդիրը 44-օրյա պատերազմից հետո լուծվել է։

«Մոտ երկու տարի առաջ Ադրբեջանը որոշեց, որ կարող է ուժ կիրառել ղարաբաղյան հարցի լուծման համար, ինչն ինքնին ՄԱԿ-ի Եզրափակիչ ակտերով և Հելսինկյան ակտով երաշխավորված հիմնարար սկզբունքների խախտում է։ Պատերազմը աղետներ բերեց, բայց խնդիրը չլուծեց։ Այն գոյություն ունի մինչ օրս։ Թշնամանքն ու հայատյացության տարածումը խաթարեցին տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարները», - ասել է Գրիգորյանը։

Նա հարց է տվել, թե ինչպես կարելի է քաղաքական երկխոսության մեջ մտնել Բաքվի հետ, երբ Ադրբեջանում մինչ օրս պահվում են հայ ռազմագերիներ եւ գերեվարված խաղաղ բնակիչներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բռնություն, արյունահեղություն է իրականացնում եւ ոչնչացնում է Ղարաբաղում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը։

«Ինչպե՞ս կարելի է խոսել անվտանգության մասին, երբ Ադրբեջանից օրեցօր ուժի կիրառման սպառնալիքներ են հնչում: Այնտեղ իրականացվում է լկտի քարոզչություն, հնչում է ռազմատենչ հռետորաբանություն և այլատյացություն։ Ավելին, ներկայումս ադրբեջանցի զինվորականները շարունակում են Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը Սյունիքի մարզում»,-արձանագրել է խորհրդարանականը։

Նրա կարծիքով՝ Բաքվի նման քաղաքականությունը թույլ չի տալիս մտածել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ միջավայրի ձևավորման մասին։

Դիմելով գործընկերներին՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Եվրոպայի լռությունն ու անտարբերությունն ավելի են բարդացնում ամեն ինչ։

«Երկակի ստանդարտներն ու ընտրական մոտեցումները պետք է մերժվեն», - եզրափակել է Աննա Գրիգորյանը՝ չնշելով, որ աշխարհաքաղաքական խաղացողներից երկակի ստանդարտները կիրառում է ոչ միայն Արեւմուտքը։