ՔԴՕ-ում բաց կա, որը հարված է հասցնում մեր պաշտպանյալի իրավունքներին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալումյանն այսօր միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ կապված մեղադրանքի պարզաբանման հետ։
«Սահմանադրությամբ մեղադրանքը պետք է հստակ լինի։ Ոչ ոք չի վիճում, որ տվյալ դեպքում այն անհասկանալի է։ Բայց Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս պարզաբանումներ պահանջել։ Ուստի մենք ասում ենք, որ ՔԴՕ-ում Սահմանադրությանը հակասող բաց կա»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն համաձայնի, որ կա բաց, կարող է մատնանշել քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի իրավական բացը, որը պետք է լրացվի։ Եթե գործառույթը վստահվի դատավորին, ապա Աննա Դանիբեկյանը կպարզաբանի մեղադրանքը, եւ այս փուլում հարցը կկարգավորվի։ Կամ ՍԴ-ն կարող է համարել, որ բացը ոչ թե դատավորի՝ մեղադրանքը պարզաբանելու հնարավորության մեջ է, այլ այն, որ դատախազները պարտավոր չեն դա անել։ Այսինքն՝ լրացնել այս մասով բացը։ Եթե դատարանը որոշի, որ մեղադրանքը հստակ է, գործընթացը պետք է շարունակվի, պարզաբանեց Ալումյանը։
«Բայց երբ մենք այս հարցը բարձրացրեցինք վերջին հանդիպման ժամանակ, դատավորը չպնդեց, որ մեղադրանքը պարզ է»,- հիշեցրեց փաստաբանը։
«Օրենքն ասում է, որ դատավորը պարտավոր է բացատրություն տալ, բայց դատարանը բացատրելիս չի կարող դուրս գալ մեղադրանքի շրջանակից։ Այդ մասին միանգամայն ճիշտ նշեց հենց ինքը՝ դատավորը, վերջին հանդիպման ժամանակ։ Այսինքն՝ օրենքը դատավորին առաջարկում է դա անել, սակայն հնարավորություն չի տալիս։ Սովորաբար, եթե մեղադրանքը պարզ չի լինում, առաջարկվում է դա անել մեղադրող կողմին։ Երբեմն անում են, ճիշտ է, պարտավոր չեն: Այս անգամ ասացին, որ չեն ուզում։ Սա օրենսդրական բաց է, որը հարված է հասցնում մեր պաշտպանյալին»,- ասաց Ալումյանը։











