Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ անդամներին, որոնք «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի տարածքում իրենց բողոքն էին փորձում արտահայտել ադրբեջանցի պատգամավորների Երեւան այցի դեմ։

«ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։ Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ»,- հայտնում է ՀՅԴ ՀԵՄ-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկվել «ընդգծված ապօրինի ու բռնի ուժի կիրառմամբ»։

«Բերման են ենթարկել նաև աղջիկներին ու պատերազմի մասնակցած տղաներին։ Բերման են նաև անչափահասների։ Հայաստանում՝ ներկա իշխանության պարագայում պաշտպանված ռն բոլորը, բացի հայերից։ Գնում եմ Կենտրոնի բաժին՝ հանդիպելու ազատությունից ապօրինի զրկված իմ ընկերներին»,- նշել է պատգամավորը։

Ոստիկանները նաեւ բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։

Ավելի վաղ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել Երեւանի Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների անցկացվող նիստերին նաեւ ադրբեջանցի պատգամավորներ էին մասնակցում։

Ցուցարարները փորձել են ուշադրություն հրավիրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական քաղաքականության, հայերի գերեվարման, Արցախի օկուպացված տարածքներում կատարված մշակութային ցեղասպանության վրա։

ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ մեր իրականացրած ակցիային։ Երիտասարդական միության տասնայկից ավելի անդամներ ապօրինի բերման են ենթարկվել։