Ինքս էլ տեսանյութում նկատեցի, որ լրագրողի բեյջը երեւում է բերման ենթարկվելու պահին, չէր երեւում կադրերում, որ լրագրողը չէր ենթարկվում կամ խոչընդոտում էր ոստիկանների պահանջին, սրանից պետք է եզրահանգումներ անել։ Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում ժամեր առաջ ադրբեջանցի պատգամավորների Երեւան այցի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողին բերման ենթարկելուն։

«Սպասելի էր, որ բողոքի ակցիաներ կարող են լինել, հատկապես, որ Ադրբեջանից այնպիսի պատգամավորներ են եկել Երեւան, որոնք 44-օրյա պատերազմից հետո շառ գռեհիկ եւ նվաստացուցիչ հայտարարություններ էին արել պատերազմի զոհերի, ՀՀ Զինված ուժերի հասցեին, սպասելի էր, որ ակցիաներ պետք է լինեին։ Լրագրողների աշխատանքն այս օրերին շատ էր դժվարացել, որովհետեւ պետական կառույցները զբաղված էին այդ պատգամավորների շարժն ապահովելով, լրագրողներից որոշներին հաջողվեց ինֆորմացիա տալ՝ տեղեկություններն էլ են կցկտուր, խիստ գաղտնիության պայմաններում։ Սա խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությանը։ Ցանկացած լրագրող կարող է որեւէ վայրում իր մասնագիտական գործունեությունը ծավալել՝ դա կարող է ինչ-որ դեպք, միջադեպ լինել՝ նաեւ ոչ քաղաքական ենթատեքստով, կարող է ցանկացած վայրից նաեւ ուղիղ հեռարձակել, ռեպորտաժ անել՝ ոչ միայն պրոֆեսիոնալ տեսախցիկով, այլ նաեւ հեռախոսով։ Կարեւորն այն է, որ լրագրողը ներկայացել է, կադրերում բավական լավ երեւում է, որ նրա վերնահագուստի վրա բեյջը փակցված է եղել»,- նշեց Սեյրանյանը։