ԱԱԾ-ի կողմից բացահայտված լրտեսական ցանցի գործով արդյոք բարձրաստիճան զինվորականներ հարցաքննության կանչվել են: Լրագրողներն այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում նման հարց ուղղեցին պաշտպանության փոխննախրար Արման Սարգսյանին:

Ի պատասխան նա նշեց. «Գոյություն ունի նախաքննության մարմին, եթե դա ԱԱԾ-ի նախաքննական մարմինն է, կարող եք տեղեկատվություն ստանալ իրենցից: Հիմա եթե ես ասեմ՝ մեկին կանչել են, միգուցե որպես վկա են կանչել, բայց թյուրընկալմամբ միգուցե դա ձերափոխվի ու դառնա, որ նա ունի կասկածյալի կարգավիճակ: Դրա համար նախաքննությունը այդ ամենի պատասխանը կտա: Բնականաբար, կա բացթողում, սակայն այդ հարցերի պատասխանը կտա քննությունը:

Եթե նույնիսկ ունենամ հստակ տեղեկատվություն, ես չեմ ասի, զերծ կմնամ խոսելուց, որովհետեւ  քննության ընթացքում հրավիրվել են, ենթադրում եմ նաեւ հրավիրվելու են բազմաթիվ քաղաքացիներ, նաեւ զինվորականներ, եւ եթե նախաքննական մարմինը հարմար գտնի հրապարակել տեղեկատվություն, կիրազեկի»:

Հարցին, թե ինչպե՞ս է որակում 400-500 դոլարով թշնամուն գաղտնի տեղեկություններ փոխանցելը, փոխնախարարն ասաց. «Ես ամաչում եմ այն, ինչպես որակում եմ, տեսախցիկների առջեւ արտահայտել: Որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, ես ուղղակի չեմ կարող որակումս, որը կա մտքումս, բարձրաձայն հնչեցնել:

Չեմ կարող գնահատական տալ, թե իրենց փոխանցած տեղեկատվությունը որքանով է հետեւանք առաջացրել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն լրտեսական ցանց է բացահայտել: «Գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։ Նրանք պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները»,-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Պատերազմի թեժ պահերին հակառակորդին են փոխանցել հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ԱԱԾ