Ուկրաինայի նախագահ Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների լսել Ուկրաինային, նրա խաղաղ ապրելու ցանկությունը եւ վստահեցրել, որ Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել եւ չի լինի Ռուսաստանի համար: Այս մասին նա հայտարարել է ռուսերենով իր հեռուստաուղերձում, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

«Այսօր ես ուզում եմ դիմել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին: Ոչ որպես նախագահ: Ես դիմում եմ ՌԴ քաղաքացիներին որպես Ուկրաինայի քաղաքացի: Մեզ իրարից բաժանում է ավելի քան 2 հազար կմ ընդհանուր սահմանը: Այսօր այդ սահմանի երկայնքով կանգնած են ձեր զորքերը, շուրջ 200 հազար զինվոր, հազարավոր ռազմական մեքենաներ: Ձեր ղեկավարությունը հավանություն է տվել, որ նրանք առաջ գնան ուրիշ երկրի տարածքում: Այդ քայլը կարող է լինել մեծ պատերազմի սկիզբը եվրոպական մայրցամաքում»,-ասել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ այն, ինչ կարող է տեղի ունենալ այսօր կամ վաղը, խոսում է ամբողջ աշխարհը, պատճառը կարող է ծագել ցանկացած պահի, ցանկացած սադրանք՝, ցանկացած բռնկում կարող է կրակի մատնել ամեն ինչ:

«Ձեզ ասում են, որ այդ կրակը ազատություն կբերի Ուկրաինայի ժողովրդին, բայց ուկրաինցի ժողովուրդը ազատ ժողովուրդ է: Նա հիշում է իր անցյալը եւ ինքն է կառուցում իր ապագան: Կառուցում է, ոչ թե ավերում, ինչպես պատմում են ձեզ ամեն օր հեռուստատեսությամբ: Ուկրաինան ձեր նորություններում եւ Ուկրաինան իրական կյանքում երկու բոլորովին տարբեր երկրներ են: Եվ նրանց գլխավոր տարբերությունն այն է, որ մերը իրական է»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսներն ասում են, որ ուկրաինացիները նացիստներ են, ապա հարց տվել. «Միթե կարող է նացիզմը պաշտպանել մի ժողովուրդ, որը նացիզմի դեմ հաղթանակի համար տվել է ավելի քան 8 մլն կյանքեր, եւ ինչպես կարող է նացիստ լինել ինքն անձամբ, ում պապը անցել է ողջ պատերազմը խորհրդային բանակի հետեւակում եւ մահացել որպես անկախ Ուկրաինայի գնդապետ:

Նա հիշեցրել, է, որ ՌԴ-ում ասում են, որ ուկրաինացիներն, իբր, ատում են ռուսական մշակույթը, «բայց ինչպե՞ս կարելի է ատել որեւէ մշակույթ, չէ՞ որ հարեւանները միշտ հարստացնում են միմյանց մշակույթով, բայց դա իրենց չի դարձնում մեկ ամբողջություն»:

«Մենք տարբեր ենք, բայց դա առիթ չէ լինելու թշնամիներ: Մենք ուզում ենք որոշել ու կառուցել մեր պատմությունը, խաղաղ, հանգիստ, ազնիվ»,-ասել է Զելենսկին:

Նա նաեւ արձագանքել է նրան, որ Ռուսաստանը տարածում է տեղեկատվություն, թե իբր ինքը հրաման է տալու հարձակվել Դոնբասի վրա, կրակել ու ռմբակոծել առանց հարցերի. «Թեեւ հարցեր կան եւ շատ պարզ հարցեր. Կրակել ո՞ւմ վրա, ռմբակոծել ի՞նչը: Դոնեցկը, որտեղ ես եղել են տասնյակ անգա՞մ, տեսել եմ մարդկանց դեմքերն ու աչքե՞րը: Արտեմի փողոցը, որտեղ ես զբոսնել եմ ընկերներիս հետ: Դոնբաս Արենան, որտեղ տեղի բնակիչների հետ Եվրոյի առաջնությանը երկրպագել եմ մեր ուրկաինացի տղաների համա՞ր: Շչերբակովի այգի՞ն, որտեղ մենք խմել ենք, երբ մեր տղաները պարտվել էին: Լուգա՞նսկը: Տունը, որտեղ ապրում է իմ լավագույն ընկերոջ մա՞յրը: Վայրը, որտեղ թաղված է իմ լավագույն ընկերոջ հա՞յրը: Տեսեք, ես հիմա խոսում եմ ռուսերենով, բայց ոչ ոք Ռուսաստանում չի հասկանում, թե ինչի մասին են այդ փողոցները, ազգանունները, իրադարձությունները, այդ բոլորը ձեզ համար օտար է, անծանոթ: Դա մեր հողն է, մեր պատմությունը: Դուք ինչի՞ համար եք պատերազմելու, եւ ո՞ւմ հետ»,-հայտարարել է Զելենսկին:

Նա հավելել է, որ շատ ռուսաստանցիներ եղել են Ուկրաինայում, շատերն այստեղ հարազատներ ունեն եւ գիտեն մեր բնավորությունը, սկզբունքները:

«Լսեք ինքներդ ձեզ, բանականության ձայնը, ողջախոհությանը: Լսեք մեզ: Ուկրաինայի ժողովուրդը խաղաղություն է ուզում: Ուկրաինայի իշխանությունը խաղաղություն է ուզում: Ուզում է եւ կանի, կանի այն, ինչ կարող է: Ճիշտ է, մենք մենակ չենք, Ուկրինային աջակցում են շատ երկրներ: ինչո՞ւ. Որովհետեւ խոսքը ամեն գնով խաղաղության մասին չէ: խոսքը խաղաղության սկզբունքների մասին է, արդարության, միջազգային իրավունքի, ինքնորոշման իրավունքի, ինքնուրույն սեփական ապագան որոշելու մասին է, ցանկացած հասարակության անվտանգության եւ ցանկացած մարդու առանց սպառնալիքների կյանքի իրավունքների մասին է»,-ընդգծել է Զելենսկին:

«Մեզ պետք չէ պատերազմ՝ ոչ սառը, ոչ թեժ, ոչ էլ հիբրիդային: Բայց եթե մեզ վրա հարձակվեն, եթե փորձեն խլել մեր երկիրը, մեր ազատությունը, մեր կյանքը, մեր երեխաների կյանքը, մենք կպաշտպանվենք: Հարձակվելով, դուք տեսնելու եք մեր դեմքերը: Մեր դեպքերը, ոչ մեր թիկունքը»,-ասել է նա:

Զելենսկին հավելել է, որ պտերազմը մեծ ողբերգություն է եւ այդ ողբերգությունն ունի մեծ գին. «Ձեզ ասում են, որ Ուկրաինան կարող է սպառնալիք լինել Ռուսաստանի համար: Դա չի եղել նախկինում, չկա նաեւ հիմա եւ չի լինելու ապագայում: Դուք պահանջում եք անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-ից: Մենք էլ ենք պահանջում ձեզնից, Ռուսաստանից եւ Բուդապեշտի մեմորանդումի այլ երաշխավորներից անվտանգության երաշխիքներ մեզ համար, Ուկրաինայի համար: Այսօր մենք ցանկացած պաշտպանական դաշինքներից դուրս ենք: Ուկրաինայի անվտանգությունը կապված է մեր հարեւանների անվտանգության հետ: Ուստի այսօր պետք է խոսել ամբողջ Եվրոպայի անվտանգության մասին: Բայց մեր գլխավոր նպատակը խաղաղությունն է Ուկրաինայում եւ մեր քաղաքացիների անվտանգությունը:

Դրա համար մենք պատրաստ ենք խոսել այդ մասին բոլորի հետ, այդ թվում ձեզ հետ, տարբեր ձեւաչափերում եւ ցանկացած հարթակներում»,-վստահեցրել է Ուկրաինայի նախագահը:

Նա միաժամանակ հայտարարել է, որ պատերազմը բոլորին է զրկելու անվտանգության երաշխիքներից եւ անվտանգության երաշխիքներ այլեւս ոչ ոք չի ունենալու: Զելենսկին նկատել է, որ իր այս ուղերձը չի հրապարակվելու ռուսական հեռուստատեսություններով, բայց ՌԴ քաղաքացիները պետք է տեսնեն ու իմանան ճշմարտությունը:

«Իսկ ճշմարտությունն այն է, որ պետք է կանգ առնել, քանի դեռ ուշ չէ: Եթե ՌԴ ղեկավարությունը չի ցանկանում հանուն խաղաղության նստել մեզ հետ սեղանի շուրջ, հնարավոր է՝ նա սեղանի շուրջ նստի ձեզ հե՞տ: Ուզո՞ւմ են ռուսները պատերազմ: Ես շատ կցանկանայի պատասխանել այդ հարցին, բայց պատասխանը կախված է միայն ձեզնից, ՌԴ քաղաքացիներից»,ամփոփել է Ուկրաինայի նախագահը: