Այս պահի դրությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում իրադրությունը հանգիստ է, խուճապային իրավիճակը նվազել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
«Որոշ թաղամասերում բնակիչները պայթյունները լսում էին, նույնիսկ տեսնում էին ու բավական մեծ տագնապ էր բարձրացել, փորձում էին ինֆորմացիա ունենալ, անելիքները հասկանալ։ Այս պահին քաղաքում վիճակը խաղաղ է, ռուսական ԶԼՄ-ները բավական շատ ապատեղեկատվություն են տարածում։ Մասնավորապես` WarGonzo-ն նկար էր հրապարակել, թե արդեն Խարկովը վերցրել են, բայց փառք Աստծո, դա ճիշտ չէ։ Խարկովն ուկրաինական է»,- նշեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ մեծ հերթեր կան սուպերմատկետների մոտ։ Մարդիկ առաջին օգնության իրեր են գնում։ Հերթերը շատ են նաեւ բանկոմատների մոտ՝ թեպետ սահման կա, որից ավել գումար չես կարող հանել։
«Քաղաքապետարանը կոչ է անում մարդկանց դուրս չգալ տնից։ Քարտեզներ են հրապարակում, որ անհրաժեշտության դեպքում մարդիկ թաքստոցներ ունենան»,- պատմեց Համլետ Հովհաննիսյանը։
Համլետ Հովհաննիսյանի խոսքով՝ Խարկովի բնակիչների տարհանում չի եղել։ Քաղաքից հեռացած քաղաքացիներ եղել, սակայն՝ իրենց ցանկությամբ։
«Երեկ՝ երբ դեռ պատերազմը չէր սկսվել, օնլայն նայեցի, որ բոլոր տոմսերը վաճառված էին։ Անվտանգ տեղ չկա, Խարկովից գնաս Կիեւ, ավելի վտանգավոր դրություն կարող է լինի։ Դրա համար ավելի լավ կլինի, եթե քաղաքացիները մնան տանը»,- ասաց Համլետ Հովհաննիսյանը։











