Անցած տարվա ապրիլի 5-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բնակարանային գողություն էին արել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատշգամբի պատուհանը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին այս տարվա փետրվարի 16-ին։ Բաժին բերման ենթարկվեցին երկու երիտասարդ, որոնցից ավագը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի, կրտսերը՝ Գավառի բնակիչ է։ Նրանք խոստովանել են։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածները էլի են գողություններ ու փորձեր արել, այդ թվում՝ Ծովազարդ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։











