Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպման ընթացքում հավաստիացրել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուին, որ հնարավորինս կնպաստի, որպեսզի հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունը զարգանա նաեւ հետագայում: ՊՆ ղեկավարների հանդիպման տեսանյութը տեղադրված է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում:

«Մենք տեսնում ենք, որ չի նկատվում լարվածության անկում, եւ ամեն անգամ կա նոր մարտահրավերների ու սպառնալիքների հետ բախում: Ակնհայտ է, որ մեր պետությունների առջեւ ծառացած բոլոր հնարավոր մարտահրավերներն ու սպառնալիքները կարելի է հաղթահարել միայն փոխահաձայնեցված գործելու արդյունքում: Կարող եմ հավաստիացնել, որ իմ կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունը շարունակի զարգանալ»,-ասել է Պապիկյանը:

Նշվում է, որ ուրբաթ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական ոլորտում երկկողմանի փոխհամագործակցության հեռանկարները:

«Նախքան մեր ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցերին անդրադառնալը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ օպերատիվ ու շատ կարեւոր աշխատանքի համար, երբ դուք, որպես ՀԱՊԿ նախագահող կողմ, կայացրել եք բարդ, սակայն օպերատիվ, կարեւոր եւ անհրաժեշտ որոշումներ, որոնք թույլ են տվել բավականին ակտիվորեն ու շատ արդյունավետ կերպով օգնել մեր ղազախստանցի գործընկերներին այդ իրավիճակը լուծելու հարցում»,-ասել է Սերգեյ Շոյգուն: