ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Բրայան Թայլեր Քոենին տված հարցազրույցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու իր որոշումը մեկնաբանելիս՝ հայտարարել է, որ «երկու տարբերակ է ունեցել՝ կամ երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, Ռուսաստանի հետ ֆիզիկապես պատերազմի մեջ մտնել, կամ այնպես անել, որ միջազգային իրավունքին հակառակ գործող երկիրը դրա համար վճարի»։

«Կա երկու տարբերակ՝ երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, Ռուսաստանի հետ պատերազմել ֆիզիկապես, կամ երկրորդ՝ այնպես անել, որ այն երկիրը, որը գործում է միջազգային իրավունքին հակառակ, դրա համար վճարի», - ասել Է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ «Ռուսաստանը բարձր գին կվճարի ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ հեռանկարում ՝ Ուկրաինա ներխուժելու համար»:

Ջո Բայդենը նաեւ ընդգծել է, որ այդ հակամարտությունը մերձեցնում է Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին:

«Հենց սկզբից իմ նպատակն էր համոզվել, որ մենք համամիտ ենք ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ։ Քանի որ միակ բանը, որ, ինչպես ինձ թվում է, Պուտինը մտադիր էր անել, ՆԱՏՕ-ն պառակտելն էր՝ իր համար ստեղծելով մեծ բացվածք, որի միջով նա կկարողանար անցնել, իսկ դա տեղի չունեցավ», - ասել Է Բայդենը։

«Նա ճիշտ հակառակ ազդեցությունն է գործել, քան մտադրված էր», - ասել է Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։

Նա նաեւ պատմել է այն պաշտպանական զենքի եւ տնտեսական օգնության մասին, որը ԱՄՆ-ն տրամադրում է Ուկրաինային, քանի որ երկիրը շարունակում է դիմակայել ռուսական հարձակմանը: