Հայաստանի խորհրդարանն այսօր՝ մարտի 3-ին շարունակում է քննարկել ՀՀ նախագահի ընտրության հարցը:

Նախօրեին այս հարցով տեղի ունեցած քննարկումից հետո կայացավ նաեւ քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն այսօրվա նիստի սկզբում: Նշենք, որ ՀՀ նախագահի միակ թեկնածուն ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է, ով այս պահին ԲՏԱ նախարարն է: Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու:

ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք  կլինի պատգամավորների 3/5-ը:

Նշենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում է նաեւ ԿԲ անդամի ընտրության հարցը, թեկնածուն  ՔՊ-ի Քաղաքացիական պառաջադրած Լեւոն Սահակյանն է, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականն է:

Զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։

Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։