ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացի նացիոնալիստներն անցած գիշեր հրեշավոր սադրանքի են դիմել, փորձելով հրաձգություն հրահրել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ ուկրաինական դիվերսիոն խումբը հրդեհել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական համալիրը՝ հեռանալով շենքից։ «Նպատակը Ռուսաստանին ռադիոակտիվ վարակման օջախի ստեղծման մեջ մեղադրելն է»։
Գերատեսչությունում տեղեկացրել են, որ ճառագայթման ֆոնը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում նորմայի մեջ է։
Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փետրվարի 28-ին Ռուսաստանի Զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Էներգոդար քաղաքը, Զապորոժիեի ԱԷԿ-ը եւ նրան հարող տարածքները։ Ուկրաինայի ազգային գվարդիայի՝ էլեկտրակայանը պահպանող զինծառայողները դեռ ռուսական ստորաբաժանումների գալուց առաջ լքել են օբյեկտը եւ թաքնվել անհայտ ուղղությամբ։
Նրա խոսքով՝ կայանի օբյեկտները եւ դրան հարող տարածքը ռուս զինծառայողները վերցրել են իրենց հսկողության տակ, անցած հինգ օրերին Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմը սովորական ռեժիմով շարունակել է օբյեկտների սպասարկման աշխատանքը եւ ռադիոակտիվ իրադրության վերահսկումը։
«Բայց անցած գիշեր էլեկտրակայանի հարակից տարածքում Կիեւի ազգայնական ռեժիմը նախաձեռնել է հրեշավոր սադրանքի իրականացման փորձ։ Մարտի 4-ին, գիշերը ժամը 2-ին մոտ, Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանին հարակից պահպանվող տարածքի պարեկման ընթացքում Ռոսգվարդիայի շարժական պարեկող խումբը ենթարկվել է հարձակման ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից»,- ասել է Կոնաշենկովը։
Նա նշել է, որ պատասխան կրակ սադրելու համար էլեկտրակայանի տարածքից դուրս գտնվող ուսումնամարզական համալիրի մի քանի հարկերի պատուհաններից Ռոսգվարդիայի զինծառայողների ուղղությամբ կրակահերթ է բացվել հրազենային զենքից։ «Ռուսական պարեկային խմբի պատասխան կրակով հրազենային զենքից ուկրաինացի դիվերսանտների կրակակետերը ուսումնամարզական համալիրի շենքում լռեցվել են։ Շենքից հեռանալով՝ ուկրաինական դիվերսիոն խումբը հրդեհել է ուսումնամարզական համալիրը»։











