Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի լուծվեն նրանց անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 7-ի ճեպազրույցում ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները մշտական կապի մեջ են Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ։ «Դեսպանության օգնությամբ հայ համայնքի ներկայացուցիչները տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ»,- տեղեկացրել է Աղաջանյանը։

Նա հավաստիացրել է, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք ցանկություն են հայտնել կամ կհայտնեն վերադառնալ Հայաստան, ունենան դա անելու հնարավորություն Ուկրաինայի արեւմտյան մասին սահմանակից երկրներից։ «Դեսպանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացը մեր հայրենակիցների համար հնարավորինս հեշտ ընթանա։ Որքան ինձ հայտնի է, Հայաստանի դեսպանությունը ներկա պահին տեղափոխվել է Լվով քաղաք, քանի որ Կիեւը մարտական գործողությունների վարման կետերից մեկն է»,- ասել է խորհրդարանականը։