Ապրիլին նախատեսված է իմ այցը Ռուսաստսանի Դաշնություն. Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք. Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ֆրանսիա կատարած իր այցելությանը, նա նշեց. «Գիշերը մենք վերադարձել ենք պատվիրակությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Կարծում եմ՝ մենք հիմա մենք պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական եւ ոչ միայն տնտեսական համագործակցությանը, որովհետեւ մեր պատվիրակության կազմում էին նաեւ առողջապահության նախարարը, ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները եւ նաեւ ՏԿԵ նախարարը, ԱԳ նախարարը: Նկատի ունեմ, մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել: Պետք է կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, նաեւ տնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ աշխատենք»:

Վարչապետը կարեւորեց նաեւ Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր. «Ես հնարավորություն ունեցա նաեւ հանդիպում ունենալ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որտեղ այլոց շարքում քննարկվեցին նաեւ ԵՄ-Հայաստան համագործկցության հարցերը եւ մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք  մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ, այցը հաջող էր»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները կարևորել էին ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում էր ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել էր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները: