Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Հայաստանի իշխանության դիրքորոշումը, պահվածքն ու հայտարարություններն ամենաճիշտն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ պետք է հուսալ ու անել ամեն ինչ, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Նա նկատեց, որ հայ ժողովուրդը դա քաջ գիտակցում է։
Խաչատուրյանի խոսքով՝ տնտեսության մեջ անկանխատեսելի երեւույթներ կարող են տեղի ունենալ, իսկ այսօր ստեղծված իրավիճակը չի տեղավորվում տնտեսական ոչ մի չափանիշի մեջ։ «Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այսքան կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել նման խիստ սահմանափակումների պայմաններում։ Հետեւանքները մասամբ կանխատեսելի են, բայց ոչ բոլորը։ Մենք պետք է կարողանանք մեր համակարգը, հատկապես ֆինանսական համակարգը պատրաստել, որպեսզի այն ծառայի քաղաքացիներին եւ բավարարի Հայաստան ժամանողների կարիքները»,- ասաց նա։
Նախագահը կոչ արեց հաշվի առնել ամենալուրջ գործոնները, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրոպայի տնտեսության զարգացումը, դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ապահովման հետ կապված խնդիրները, որոնք նախկինում գոյություն չունեին, Ռուսաստանից եւ Բելառուսից դրամական փոխանցումների սահմանափակումները։ «Խնդիրներ կլինեն մինչեւ տարեվերջ։ Դեռեւս տարեսկզբից ամբողջ աշխարհում ինֆլյացիան կանխատեսելի էր հետքովիդային շրջանում։ Դրա շրջանակում Հայաստանում աշխատանքներ են տարվել, մշակվել է կտրուկ թանկացած պարարտանյութերի գնման աջակցության ծրագիր եւ այլն։ Ներկայիս իրավիճակում կան այլ գործոններ․Ուկրաինայից սպասվող բերք չի լինի, որոշ տեսակի ապրանքներ ներմուծել ենք նաեւ Ռուսաստանից»,- հավելեց նա։
Վահագն Խաչատուրյանը կառավարության համար կարեւոր համարեց սպասվող գնաճի զսպման աշխատանքները։ «Ամենակարեւորը պարենային պաշարների ավելացման ուղղությամբ աշխատելն է։ Ցորենը թանկացել է 50 դոլարով, նավթը թանկանում է, բայց քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունները պետք է ավելի դրական լինեն։ Նրանք պետք է համոզված լինեն, որ պետությունն ամեն ինչ անում է բիզնեսին եւ բնակչության սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար։ Պետբյուջեի եկամուտները կարող են նվազել, բայց Հայաստանում հացի հետ կապված խնդիրներ չեն կարող լինել, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները։ Ցորեն արտադրելու մեր կարողությունը նվազել է, բայց այս թերությունը կլրացվի այլ միջոցներով»,- եզրափակեց նորընտիր նախագահը։











