Հանրապետության նախագահը որեւիցե ձեւով կաշկանդված չէ քաղաքական ամբողջ սեկտորի հետ աշխատելու առումով, բայց դա չի նշանակում, որ իր օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, պետք է ինքնուրույն լինի եւ համահունչ չլինի Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որդեգրած արտաքին քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ նման բան չի կարող լինել, եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումը այստեղ նշանակություն չունի։ Խաչատուրյանը պարզաբանեց, որ նման հանդիպումների իմաստը նրանց մոտեցումները, գաղափարները հասկանալն է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ «Նախագահը Հայաստանում ամենապատասխանատու պաշտոնն է։ Նա կաշկանդված է միայն Սահմանադրությամբ»,- ասաց նա։

Խաչատուրյանն անհանգստանալու առիթ չհամարեց իր երդմնակալությանը մասնակցելուց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարումը։ «Կարեւորն այն է, որ մենք հրավիրել ենք։ Մենք բաց ենք, հրավիրվածների ցանկը շատ մեծ է, սահմանափակումներ չկան։ Ամեն մարդ ինքն է որոշում։ Մեր երկիրն առանձնանում է նրանով, որ ժողովրդավարական է, մեր մոտեցումները նույնն են։ Ես հարգում եմ այդ մարդկանց իրավունքները»,- հավելեց նորընտիր նախագահը։