Ռուսական կողմն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններում չէր պատրաստվում պայմանավորվել հրադադարի շուրջ։ Այս մասին Անթալիայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ես չզարմացա, երբ պարոն Կուլեբան ասաց, որ հնարավոր չէ պայմանավորվել հրադադարի շուրջ։ Այստեղ ոչ ոք չէր պատրաստվում բանակցել հրադադարի շուրջ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն նման շփումը չպետք է լինի «հանդիպում հանուն հանդիպման», հաղորդում է ՌԻԱ նովոստին։
Նա հիշեցրել է, որ բոլորը լավ գիտեն, որ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից։ «Մենք միայն ցանկանում ենք, որ այդ շփումները կազմակերպվեն կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»,- ասել է Լավրովը։ «Այսօր, ի դեպ, մենք անդրադարձել ենք այդ թեմային․․․Ես Կուլեբային հիշեցրեցի, որ մենք միշտ կողմ ենք հանդիպմանը»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ նախագահ Պուտինը չի հրաժարվում նախագահ Զելենսկու հետ հանդիպումից։
Նրա խոսքով՝ Մոսկվան Ուկրաինայում ռազմականացման կողմնակիցը չէ։ «Մենք չենք ցանկանում Ուկրաինայի ռազմականացում՝ լինի դա ՆԱՏՕ-ում, թե առանց ՆԱՏՕ-ի, քանի որ առանց ՆԱՏՕ-ի էլ հնարավոր է այնտեղ այնպիսի համակարգեր տեղադրել, որոնք կարող են թիրախավորել մեր տարածքը»,- ասել է Լավրովը։
«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան չեզոք լինի, նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ մենք չենք ցանկանում անվտանգություն պարտադրել ուկրաինացի ժողովրդին, ուկրաինական պետությանը, եւ մենք պատրաստ ենք քննարկել ուկրաինական պետության անվտանգության երաշխիքները եվրոպական երկրների անվտանգության երաշխիքների հետ միասին եւ, իհարկե, Ռուսաստանի անվտանգությունը․․․Ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ն որոշի մեր անվտանգության հարցերը եւ մեր անվտանգության շահերը»,- հարց է ուղղել Լավրովը՝ հավելելով, որ «չի ստացվի նման կերպ խոսել Ռուսաստանի հետ»։











