Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված արցախցիները այսօր՝ մարտի 11-ին, Երևանի Հանրապետության հրապարակում իրեն ցհերթական բողոքի ակցիան են իրականացրել. Նրանք պահանջում են ՀՀ կառավարությանն արձագանքել ադրբեջանական ագրեսիային և պաշտպանի խաղաղ բնակչությանը։

Նրանց ձեռքին կային «Ձեռքերդ հեռու Արցախի Հանրապետությունից» գրությամբ պաստառներ եւ Արցախի դրոշեր։

«Ցանկանում ենք դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Ադրբեջանական կողմը պարբերաբար իրականացնում է տարաբնույթ սադրիչ գործողություններ, սակայն 3 օր առաջ իրենց արածը կարելի է համարել ռազմական գործողությունների նախապատրաստում։ Երկարատև հրադադարից հետո առաջին անգամ ականանետներ են գործածել, թիրախավորել են Խրամորթ, Խնապատ, Փառուխ և Խնուշինակ գյուղերը»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Խոսելով գազատարի վթարվելու մասին` նա ընդգծեց, որ այդ քայլն ահաբեկչություն է, որը չպետք է անպատասխան մնա, և շեշտեց` ահաբեկիչներին ձերբակալելու համար դիմել են նաև Արցախի կառավարությանը։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախում իրավիճակը գնալով ավելի է ահագնանում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում։

«Կոչ ենք անում երկու երկրի կառավարություններին էլ, որպեսզի պատշաճ քայլեր ձեռնարկեն և հստակ մեզ պատասխաններ տան իրենց գործողությունների մասին։ Մենք արդեն շատ ակցիաներ ենք արել, մարտի 16-ին կրկին «գրոհելու» ենք արտգործնախարարությունը։ Մենք այդ կառույցին նամակ էլ էինք գրել, մեզ գրավոր պատասխանեցին, որ այդ հարցերով Միգրացիոն ծառայությունն է զբաղվում։ Այնտեղից էլ ասում են, որ հարցը ոչ թե իրենց իրավասության տակ է, այլ սոցապնախարարության։ Դիմել ենք փախստականի կարգավիճակ ստանալու համար»,– ասաց Հայրիյանը։