Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ երկրները պետք է քննարկեն փոխադարձ առեւտրի պայմանները, որպեսզի համատեղ դիմակայեն Արեւմուտքի պատժամիջոցներին։ Նրա խոսքով՝ միասին հնարավոր է մոռանալ սահմանված սահմանափակումների մասին «մեկ ամսում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուզում եմ առաջարկել․․․մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ համախմբվենք․․․չէ՞ որ բոլորն ասում էին , որ մենք պետք է միասնական լինենք։ Հավատացեք, որ Բելառուսի եւ Ռուսաստանի ընդհանուր շուկաներին այդ շուկաների հավելումը թույլ կտա մեկ ամսում մոռանալ Արեւմուտքի պատժամիջոցների մասին»,- ասել է նա։

Բելառուսի նախագահը Պուտինին կոչ է արել աջակցել  իր առաջարկին, որպեսզի ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ երկրների ղեկավարները հավաքվեն Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկեն փոխադարձ առեւտուրը, պատժամիջոցների պայմաններում համատեղ տնտեսական քաղաքականությունը։