Աշխարհի ամենաերկար մեքենայի վերականգնված տարբերակը Գինեսի իր սեփական ռեկորդն է սահմանել, երբ դրա երկարությունը պաշտոնապես չափել են, եւ այն կազմել է 100 ֆուտ ու 1,5 դյույմ (ավելի քան 30 մետր), գրում է UPI-ն:

Ըստ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի՝ «Ամերիկյան երազանք» անվանումով հայտնի սուպերլիմուզինը ի սկզբանե կառուցվել է 1986թ․՝ Ջեյ Օրբերգի կողմից, եւ ունեցել է 60 ֆուտ (ավելի քան 18 մետր) երկարություն:

Ավելի ուշ Օրբերգը երկարացրել է մեքենան մինչեւ 100 ֆուտ՝ ամենաերկար մեքենայի Գինեսի ռեկորդ սահմանելով:

Ավտոմեքենան բազմիցս նկարահանվել է ֆիլմերում, իսկ հետո հայտնվել է Նյու Ջերսիի պահեստներից մեկում, որտեղ կանգնել է մի քանի տարի։

Նյու Յորք նահանգի Autoseum տեխնիկական կրթական թանգարանի սեփականատեր Մայքլ Մենինգը որոշել է իր վրա վերցնել «Ամերիկյան երազանքը» վերականգնելու գործը, որը ժանգոտվել էր պահեստում այնքան, որ դրա մասերից շատերը վերանորոգման ենթակա չէին:

Արդյունքում Մենինգը մեքենան դրել է eBay-ում, որտեղ 2019թ․ այն գնել է Ֆլորիդայի ավտոթանգարանի եւ Dezerland Park զբոսաշրջային ատրակցիոնների սեփականատեր Մայքլ Դեզերը։

Ավտոմեքենան տարել են Օռլանդո, Մենինգը եւս եկել է դրա հետ, որպեսզի մասնակցի վերականորոգմանը։

Վերականգնված «Ամերիկյան երազանքն» ունի ուղղաթիռի հարթակ, լողավազան, ջակուզի, գոլֆի դաշտ եւ մեծ ջրային մահճակալ:

Մենինգն ասել է, որ այժմ ավտոմեքենան կցուցադրվի ավտոմեքենաների թանգարանում եւ Dezerland Park-ում։