Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, իբրեւ, ժամանել է Ուկրաինա: Այնտեղ հանդիպել է չեչեն ուժայինների հետ, որոնք մասնակցում են ռազմական գործողությանը: Այդ խորհրդակցության տեսանյութը հրապարակել է «Օպերատիվնիե սվոդկի» Telegram-ալիքն ու RT-ն: Նշենք, որ Կադիրովն ունի Ռոսգվարդիայի գեներալի կոչում, գրում է «Կոմմերսանտը»-ը:

«Բանդերովեցներին ու չեչենախոս շայթաններին ներում չի շնորհվի»,-ասել է Կադիրովը: Նիստի ձայնագրության մեջ լսվում է՝ ինչպես է Չեչնյայի ղեկավարն արտաբերում «Խնդիրը Կիեւը գրավելն է»:

Տեսանյութը նկարահանվել է մութ տարածքում, ինչը թույլ չի տալիս դիտարկել տեղանքը: Սակայն Կադիրովի կողքին կարելի է նկատել Չեչնիայի ղեկավարի օգնական եւ ուժային դաշինքի ղեկավար Դանիիլ Մարտինովին: ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին երկու շաբաթների ընթացքում Մարտինովը գտնվում է Ուկրաինայում:

Տեսանյութում լսելի է՝ ինչպես են հրամանատարները զեկուցում Կադիրովին ԴԺՀ-ի տարածքում մարտերի եւ Ուկրաինայի այլ տարածքներում հարձակման մասին: Զրույցից կարելի է եզրակացնել, որ Չեչնիայի ղեկավարը գտնվում է Կիեւից 7 կմ հեռավորության վրա:

«Մենք մոտեցել ենք այդ մանկատանը, արագորեն շրջափակել այն, ներս մտել, սակայն, ցավոք, այդտեղ երեխաներ չեն եղել... Մենք մի քանի ժամ ուշացել ենք: Կարմիր խաչի քողի ներքո Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները բերել էին մեքենաները, եղել զինված, երեխաներին նստեցրել ավտոբուսներն ու տարել»,-հայտնել է հրամանատարներից մեկը: Հիշեցնենք, որ օրերս չեչեն ուժայինները հայտարարել էին, որ ազատագրել են մանկատունն Ուկրաինայի անվտանգության ծառայության ուժերից:

Ավելի վաղ Ռամզան Կադիրովը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրաման ստորագրել Ուկրաինայի խոշորագույն քաղաքները գրավելու մասին: Կադիրովը նաեւ հայտարարել է, որ Չեչնիայի մարտիկները պատրաստ են տեղակայվել Ուկրաինայում մարտերի ամենաթեժ կետերում: Նրա խոսքով՝ Ուկրաինայում գտնվում է նաեւ 12 հազար չեչեն ուժային: