Դոնեցկում «Տոչկա-Ու» օգտագործելու որոշումը հաստատվել է Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության կողմից։Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս տեսակի հրթիռային զենքի կիրառման որոշումը կայացրել է ուկրաինական զորքախմբի հրամանատարությունը՝ զինված ուժերի ղեկավարության հաստատումից հետո»,- ասել է Կոնաշենկովը։

«Տոչկա-Ու»-ի արձակումը Դոնեցկի տարածքում իրականացվել է Կրասնոարմեյսկից, որը վերահսկվում է ուկրաինական ազգայնական ստորաբաժանումների կողմից, ասել է Կոնաշենկովը։

«Մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում Կիեւի ազգայնական ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ է արձակվել Դոնեցկ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։ Քաղաքի հրետակոծությունն իրականացվել է հյուսիսարեւմտյան ուղղությամբ՝ Կրասնոարմեյսկ բնակավայրի տարածքից, որը վերահսկվում է ուկրաինական ազգայնական ստորաբաժանումների կողմից»,- ասել է նա։

Կոնաշենկովը հայտնել է, որ Դոնեցկի կենտրոնում «Տոչկա-Ու» հրթիռի կասետային մարտագլխիկի պայթյունի հետեւանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել։

«Դոնեցկի կենտրոնում կասետային մարտագլխիկի պայթյունի հետեւանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել։ Եվս 28 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ծանր վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել բուժհաստատություններ»,- ասել է նա՝ նշելով, որ «Տոչկա-Ու» հրթիռի կասետային զինամթերքի կիրառումը վկայում է այն մասին, որ հարվածի նպատակը Դոնեցկում որքան հնարավոր է շատ խաղաղ բնակիչների սպանությունն էր։