Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 նախապայմանները դիվանագիտական քողի տակ կապիտուլյացիայի նախապայմաններ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Հայաստանի իշխանությունների հռչակած խաղաղությունը նշանակում է հանձնվել: Այսինքն հանձնվելն ու կապիտուլյացիան նրանք ներկայացնում են որպես խաղաղություն:
Այդ կետերից ամենահստակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, այսինքն Արցախից հրաժարվելը, որը Արցախի հայաթափում է նշանակում: Հաջորդը, այսպես կոչված, կոմունիկացիաների բացման անվան տակ նշանակում է Զանգեզուրի միջացքի բացում, որը Սյունիքի անեքսիան է: Իսկ դելիմիտացիայի ու դեմարկացիայի անվան տակ արդեն իրենք իրականացնում են առանց դիմադրության Հայաստանի տարածքների գրավումը»,-ասաց նա:
Իրավապաշտպանը նկատեց, որ ՀՀ իշխանություններն ընդհանրապես, Ադրբեջանի ցանկացած ոտնձգության չեն պատասխանում, եւ սա մեծ կասկածի տեղիք է տալիս. «Հոխորտանքները, ծաղրանքները Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, հավակնությունները ողջ Հայաստանի նկատմամբ, այս ամենին մեր իշխանությունը չի պատասխանում: Սա նշանակում է ներքին ինչ-որ պայմանավորվածություն, դավադրություն եւ եթե որեւէ իշխանական կողմից որեւէ պատասխան հնչի, կհրապարակվեն այդ գաղտնի փաստաթղթերը այն կողմից»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով եւ առաջարկներ ներկայացրել, Իշխանյանը նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ դիմել է Մինսկի խմբին, բա դո՞ւ: Հայաստանը իր դիրքորոշումը չունի՞: Ես չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական այս լարված ճգնաժամային իրավիճակում Մինսկի խումբը ժամանակ ունի զբաղվելու Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի հարցով: Այստեղ հարցն ուրիշ է. այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստ է հանձնվել խաղաղության անվան տակ, եւ ինչ-որ միջազգային կառույցներ, երկրներ որոշեն զբաղվել տարածաշրջանի հարցերով, հրցերը կլուծեն հօգուտ Ադրբեջանի: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը պատրաստ է զիջումների, իսկ եթե մի կողմը պատրաստ է զիջումների, մյուսի դեմ չեն գնա: Քանի դեռ այս իշխանություններին հեռացնելու վճռականություն չկա, մենք պարտված ենք լինելու, կորցնելու ենք ոչ միայն Արցախը, Սյունիքը, այլեւ ողջ Հայաստանը»:











