Այսօր, իսկապես մեծ անորոշություն կա թռչնաբուծության ոլորտում, բայց հաշվի առնենք, որ հունվարին մենք ձվի գերարտադրություն ունեցանք: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ հանձնաժողովների փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Թռչնաբույծների ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Եթե հիշում եք՝ ինքնարժեքից ցածր գնով իրացում էին կատարում: Հիմա մենք ձգտում ենք կայունացնել գները շուկայում: Թե ձուն ինչ գին կունենա Զատիկին, բնականաբար, բոլորս էլ սպառող ենք, ձգտում ենք, որ օպտիմալ գնի վրա շուկա մտնենք, իրացում կազմակերպենք, որ մեր սպառողներին շատ չանհանգստացնենք, դժգոհություն չառաջացնենք»,-ասաց նա:
Նա նկատեց, որ վերջին շաբաթում ամբողջ արտադրությունը կախված է ներկրումից. «Տարեկան մենք օգտագործում ենք 140-150 հազար տոննա համակցված կեր, ամսվա կտրվածքով 350-400 տոննա, դր մոտ 80 տոկոսը ամբողջությամբ հատիկավոր ֆուրաժ է, որն ամբողջությամբ ներկրվում է ՌԴ-ից ու Ուկրաինայից: Մենք արդեն 14 օր է, լարսում ունենք մոտ 30 մեքենա միայն մեր ոլորտի արտադրողները, որոնք չեն կարողանում հասնել Հայաստան: Երկու օր առաջ նույնիսկ հետ են տվել մեքենաները, գնացել, դատարկել են՝ արգելքի պատճառով: Այսինքն այնտեղ էլ է անորոշություն: Հստակ չեն տիրապետում, թե սահմանափակումներն ինչին են վերաբերում: Մենք ստիպված պատրաստի համակցված կեր գնեցինք, որը մեր ծախսերը 30-35 տոկոսով ավելացնում է: Սա նշանակում է, որ մենք չենք կարողանում նույնիսկ ընթացիկ ինքնարժեք ունենալ կամ ծրագրավորել»,-ասաց թռչնաբույծների ֆեդերացիայի նախագահը:
«Այսօր արտադրողներն ունեն մեկ շաբաթվա պահուստային կեր, խոշոր կեր արտադրողների պաշարները կազմում է 1-1,5 ամիս: Այստեղ ամենից շատ կտուժեն նրանք, որոնք պաշարներ չունեն, իսկ պաշարներ չունեն փոքր ու միջին ընկերությունները»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այդ ընկերությունները փակվելո՞ւ են, Ստեփանյանն արձագանքեց. «Ես չէի ուզում այդ խոսքն ասել: Մենք այդ փորձն ունենք»:
Հարցին, թե քանիսն են փակվելու վտանգի առջեւ, նա պատասխանեց. «Դժվա հարց եք տալիս: Ես չեմ ուզում հուսախաբ անել այն ֆերմերներին, որոնք հույս ունեն, որ չեն փակվի եւ կշարունակեն գործել: Մոտավորապես 56 ոչ մասնագիտացված ֆերմերային տնտեսություններ ունենք: Ընդհանուր ունենք մասնագիտացված 10-11 ձու արտադրող ընկերություններ եւ 8 խոշոր միս արտադրող ընկերություններ: Հիմնական կերի օգտագործումը նրան են օգտագործում: Նրանց կարիքները գնում են զրոյական վիճակի: Օրերի հարց է, մենք սպասում ենք, որ գոնե երկուշաբթի պետք է որ կարգավորվի հարց: Այսինքն մեր եւ Ռուսաստանի պատվիրակությունները պետք է հանդիպեն, մերոնք փաթեթ են ներկայացրել եւ հուսադրող բան կա, որ ՌԴ-ն մեր պահանջարկը կբավարարի: Բայց չի բավարարի դրանից ավելի պահանջարկ՝ մտավախություն ունենալով, որ ռեէքսպորտ կարող է կազմակերպվել: Կառավարությունից ասել են, որ դրական ազդակներ կան, հույսներս չենք կորցնում: Վատթարագույնը նա է, որ ստիպված պարտադիր մորթ կազմակերպենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











