Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առաջ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, 2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված հինգ սկզբունքներ ներկայացնում։

«Թե ինչի մասին են այդ սկզբունքները, վստահ եմ, բոլորդ ծանոթ եք։ Իմ համոզմամբ, դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Միաժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները՝ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ ու տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի եւ դիրքերի ուղղությամբ։ Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, Բաքվի կողմից իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել ու աջակցում է Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի այցն էր Անթալիա ու այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները:

«Այս ամենին ի պատասխան՝ Երևանը լուռ է, ավելի ճիշտ, խոսում է, շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։ Առավել զավեշտալի են ՀՀ իշխանությունը ներկայացնող տարբեր պաշտոնյաների արձագանքները սահմանային խախտումներին եւ Արցախում ստեղծված սոցիալական, հումանիտար անելանելի իրավիճակին: Նույնքան զավեշտալի է Հայաստանի այսօրվա իշխանության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերի, պահանջների վերաբերյալ։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ պատասխանե՞լ եք այդ հինգ պահանջին, թե՞ ոչ: Եթե պատասխանել եք, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը։ Ավելին, ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Չգիտեն արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի նման մանդատ, չեն հասկանում արդյոք, որ այսկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով՝ անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրեջանական օրակարգն են սպասարկում», - հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Նա համոզմունք հայտնեց, թե մի փոքր գիտելիք ու տրամաբանություն ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ մեր անվտանգային խնդիրները շատ ավելի լայն են, քան այն պատկերացնում ու ներկայացնում են օրվա իշխանությունները։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե Արցախն այսօր ունի օր առաջ լուծում պահանջող հրատապ խնդիրներ, իսկ խնդիրները շատ-շատ են. «Արցախի համար մենք այսօր ունենք երկարաժամկետ միջազգային երաշխիքների խնդիր, մենք ունենք խնդիր՝ գիտակցելու, որ Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ, ինչպես այն փորձում է ներկայանցել Հայաստանի իշխող ուժը. Արցախի կարգավիճակ բառը արտասենելը չի լուծում Արցախի անորոշ ապագայի հետ կապված խնդիրները:

Ի դեպ,, տպավորություն է, որ այդ մասին խոսողները չեն էլ հասկանում, որ կարգավիճակ ասվածը ցանկացած ձեւ կարող է լինել: Կարեւոր է խոսել շատ հստակ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ու առանց սահմանափակումների իրացման կարեւորության մասին:

Մենք ստիպված պիտի ընդունենք ու փորձենք լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ են վարում, պայմանավորվածություններ են ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս, միգուցե, միտումնավոր բերեցին ու հասցրեցին այս աղետալի վիճակին։ Այս մարդիկ, ցավոք սրտի, դեռևս իշխանություն են», - ընդգծեց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել միայն մեկ տարբերակով՝ այս իշխանության հեռացմամբ ու Հայաստանի և Արցախի պետական շահերով առաջնորդվող նոր իշխանության ձևավորմամբ։