Մարտի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարությունում 136 ահազանգ է ստացվել ճանապարհներին ձյան մեջ ավտոմեքենաների արգելափակման մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ հանրապետության ողջ տարածքում տեղացած առատ ձյան պատճառով նման ահազանգեր ստացվել են բոլոր մարզերում, սակայն դրանց մեծ մասը եղել է Սյունիքում, Վայոց ձորում եւ Արագածոտնում։

Ընդհանուր առմամբ առատ ձյան մեջ արգելափակումից դուրս է բերվել 520 մեքենա՝ 1309 ուղեւորով։ Սյունիքում՝ 203 մեքենա եւ 551 քաղաքացի, Արագածոտնում՝ 115 մեքենա եւ 363 քաղաքացի։ Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, եւ ոչ ոք բուժօգնության կարիք չի ունեցել։

Ձյան տեղումների հետեւանքով արձանագրվել է անասնագոմի տանիքի փլուզման մեկ դեպք, մյուս դեպքում՝ տան տանիքի փլուզման վտանգ։

Ընդհանուր առմամբ արձանագրվել է խցանված մեքենաների հետ կապված 654 արտակարգ դեպք։ Անցած տարի գրանցվել է նման 428 դեպք։ 

Գնդապետ Մկրտչյանը հատուկ նշեց, որ ամեն տարի ճանապարհների խնդրային հատվածներում հենակետեր են ստեղծվում։ «Կան հենակետեր, բավարար մարդկային ռեսուրսներ»,- հայտարարեց կենտրոնի պետը։

Գնդապետը հիշեցրեց աքսիոմը՝ ձմռանը պետք է ձմեռային անվադողերով քշել։  «Եղել են դեպքեր, երբ ձյան մեջ արգելափակումից փրկել ենք մարդկանց, որոնք ռիսկային ճանապարհորդություն են կատարել՝ մատուռ այցելելու համար։ Ամեն դեպքում, Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է օգնել։ Անհրաժեշտության դեպքում զանգահարեք 911»,- հիշեցրեց Մկրտչյանը։