Դուք ասում եք, որ դիվանագիտական հանդիպումների ժամանակ սովորական երեւույթ է, որ պատվիրակությունների դեմքին ժպիտ է լինում, բայց ձեր դեմքին ոչ թե ժպիտ էր, այլ անսահման ուրախություն եւ անթաքույց հրճվանք թշնամական երկրի ԱԳ նախարարի ձեռքը սեղմելիս: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Անթալիայում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Մեր երկրի գլխին պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր բերած քաղաքական ուժի ներկայացուցչի  կողմից նման հայտարարությունը ես համարում եմ տիեզերական մասշտաբի երեսպաշտություն: Ինչո՞վ, օրինակ, ձեր ժպիտն օգնեց, որ մեր գերիների հարցը լուծվի: Արդյոք անթաքույց հրճվանքը օգնեց, որ գոնե մեկ գերի հետ վերադարձվի:

Արդյոք ՀՀ իշխանության օրակարգում դիտարկվում է նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնումը, այդ թվում Հադրութի եւ Շուշիի շրջանների հարցը»,-ասաց նա:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը նախ հետաքրքրվեց, թե արդյոք ինքը պետք է բովանդակային պատասխան տա այս հարցերին, ապա նշեց. «Լուրջ մասին անդրադարձել եմ՝ որքան կարողացել եմ, մնացածը զեղումներ են»: