ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ վեճ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի և Արարատ Միրզոյանի միջև, երբ Արարատ Միրզոյանը խոսում էր ԼՂ բանակցային գործընթացի մասին։
Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենց մեղադրանք է ներկայացվում, որ ժառանգություն են ստացել 42 000 կմ հայրենիք և հիմա ունենք 33 000-34 000 կմ։ Նրա խոսքով՝ այդ 42 000 կիլոմետրը ներառում էր Ջրականը, Աղդամը և այլ տարածքներ, որոնք հայկական դիվանագիտությունը, նրա խոսքով, տարիներ շարունակ անվտանգության գոտի է անվանել և բանակցել դրանք ինչ–որ բանի դիմաց Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ։
«Հիմա ներողություն, եթե մեզ մեղադրանք է առաջադրվում, որ մենք ստացել ենք 42 կիլոմետրանոց հայրենիք, բայց հիմա ունենք 32 կամ 34 կիլոմետր, ապա ներողություն, եթե նա հայրենիք էր, ապա հայրենիքը բանակցելո՞ւ շուրջ է բանակցվում, ես լավ չեմ հասկանում։ Ուրեմն եկեք հստակ ասենք, որպեսզի մեր ժողովրդին էլ մոլորության մեջ չգցենք, որովհետև մեղք են էս մարդիկ, մեղք ա էս ազգը, չի կարելի շարունակել խաբել նրանց ․․․ պետք է անկեղծ խոսել ժողովրդի հետ»,– ասաց նա։
Արարատ Միրզոյանի ելույթի ընթացքում Արմեն Ռուստամյանը մի քանի ռեպլիկ արեց, ինչից հետո նիստը նախագահող Էդուարդ Աղաջանյանն Արմեն Ռուստամյանին հորդորեց չխանգարել և թույլ տալ, որպեսզի արտգործնախարարն ավարտի միտքը։
«Պարոն Ռուստամյան ես ընդամենը փորձում էի ասել, որ եկեք խոստովանենք, էր այդ մեղադրանքը, որն ուղղվում է մեզ, անհիմն է»,– ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ժողովուրդ հնարավորություն ունի և իրեն լսելու, և Արմեն Ռուստամյանին, ինչից հետո Արմեն Ռուստայանն արձագանքեց․
«Այո՛, ժողովուրդն իրավունք ունի նաև ստուգելու, թե ով է ճիշտ ասում, ով՝ չէ ․․․ Եվ սենց գնում եք բանակցելո՞ւ»,– ասաց Արմեն Ռուստամյանը այն բանից հետո, երբ Էդուարդ Աղաջանյանը կրկին նրան կոչ էր անում լռել և թույլ տալ, որպեսզի ԱԳ նախարարն արտահայտվի։











