Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարությունները պետք է քրեականացնել: Այս մասին մարտի 22-ին ԱԺ նիստին Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ, որը նախկինում բացասական եզրակացություն էր ստացել պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի կողմից,  հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ հրապարակային հայտարարություններ, նշված հանցագործության հրապարակային արդարացում կամ քարոզչություն»։ Այսպիսով, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, անհնար կդառնա կասկածի տակ առնել, ժխտել Հայաստանի տարածքի կամ հանրապետության տարածքի մի մասի պատկանելությունը, կամ հրապարակայնորեն արդարացնել կամ խթանել այդ գործողությունները։ Նման արարքները կպատժվեն 1-2 մլն դրամի չափով տուգանքով կամ 2-4 տարվա ազատազրկմամբ։

Համաձայն 2-րդ կետի՝ հրապարակային արտահայտությունները՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մերժելուն կամ սահմանափակելուն, պատժվում է 2-3 մլնն դրամի չափով տուգանքով կամ 3-5 տարվա ազատազրկմամբ։ Դա վերաբերում է նաեւ այս արարքների հրապարակային արդարացմանն ու քարոզչությանը։

Ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ պատգամավորը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը բավականին պարզ է։ Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նա ափսոսանքով նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի հասարակությունն ավելի հաճախ է այս կամ այն անընդունելի հայտարարությունների ականատես դառնում։

«Փոփոխությունների ընդունման դեպքում դրանք հիմնականում կվերաբերեն արտաքին սպառնալիքներին։ Այլ խոսքով ասած՝ այս կարգավորման այսպես կոչված, «շահառուներ» կդառնան Հայաստանի սահմաններից դուրս գտնվող անձինք։ Այս փոփոխությունները մի տեսակ կարմիր գծեր կդառնան։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների մասին է»,- պարզաբանեց Վարդեւանյանը։

«Այս հոդվածի անհրաժեշտությունը ծագեց 2020 թվականի իրադարձություններից հետո։ Իմ խորին համոզմամբ՝ փոփոխությունները կազդեն միայն այն գործիչների վրա, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս։ Նրանք հիմք կստեղծեն իրենց հետապնդման համար վերջիններիս կողմից նշված արարքների կատարման դեպքում։ Ցավով պետք է նշեմ, որ թշնամի երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը երբեմն հրապարակայնորեն հավակնություններ է հայտնում պատմական հայկական հողերի նկատմամբ։ Դա եւ Սյունիքի մարզն է, եւ Սեւանա լիճը, եւ նույնիսկ Երեւանը։ Այս կարգավորումը, բնականաբար, կազդի նաեւ ՀՀ քաղաքացիների վրա։ Ընդ որում, այս փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենա»,- վստահեցրեց Վարդևանյանը։
Նա նաեւ կոչ արես չքաղաքականացնել օրինագիծը եւ հաշվի առնել այն, որ ապագայում ՀՀ քաղաքացիներից ոչ մեկը նման հայտարարություններ իրեն թույլ չի տա: