Արեւմուտքին կոչ եմ անում վերադառնալ իր արժեհամակարգին, քանի որ ռուսաֆոբիան անընդունելի է։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ազգային հիմքի վրա հակաքարոզչություն իրականացվում։ Մենք տեսնում ենք, որ ռուս ժողովրդի դեմ իրականացվում է ֆաշիզմ եւ բոլշեւիզմ։ Սրանք երկու հիվանդություններ են, որոնց դեմ պայքարում էր ողջ Եվրոպան։ Սա անընդունելի է»,- ասաց Թեւանյանը։ Ընդդիմադիրը հորդորեց Արեւմուտքին վերջապես վերադառնալ իր արժեհամակարգին։ Պատգամավորի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանն ու Արցախն ունենան իրենց սուբյեկտայնությունը նոր աշխարհակարգում։ «Նրանք պետք է հնարավորություն ստանան` հետագա զարգացման համար»,- համոզված է Թեւանյանը։
Նա հայտնեց, որ իրեն զարմացրել է ձեւավորվող աշխարհակարգը։ Պատգամավորը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամն անմիջական ազդեցություն կունենա թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի վրա։ Հենց սա է պատճառը, որ հայ ժողովուրդը ցանկանում է հակամարտության շուտափույթ կարգավորում բանակցությունների սեղանի շուրջ։











